top of page
  • S.Knarik

Քրիստոնեություն․ օրենք, թե՞ ազատություն

Updated: Apr 11, 2020

-Ներածություն

-Ի՞նչ է օրենքը

-Իսկ արդյո՞ք քրիստոնեությունը օրենքների համակարգ է

-Ի վերջո՝ ազատություն

Ներածություն

Երիտասարդների շրջանում վերջերս շատ է արծարծվում այն միտքը, որ քրիստոնեությունը հին է ու այլևս արդիական չէ։ Շատերն ասում են, որ սա մի կրոն է, որը ներկա ժամանակներում տեղ չունի․ ի վերջո, 21-րդ դարում ենք ապրում։ Նրանք, ովքեր քրիստոնյա են (հատկապես՝ երիտասարդները), երևի հաճախ են լսում իրենց բարեկամներից ու հարազատներից նմանատիպ մտքեր․ «Ջահել աղջիկ/տղա ես, խելքդ ինչի՞ն ես տվել, գնա՛ ու կյա՛նք արա․․․», «Հիմա ապրի՛, կյա՛նքը վայելի, հավատքի ու ձանձրալի բաների ժամանակը դեռ կգա․․․ »։ Դե՛, բնականաբար, ո՞վ կուզենա հետևել մի բանի, որը մեզ հետ է պահում զվարճանքներից ու սահմանափակում է մեր ազատությունը։ Բայց արդյո՞ք քրիստոնեությունն այդպիսինն է, արդյո՞ք սա մի կրոնական համակարգ է, որը հին օրենքներից բացի ուրիշ ոչինչ չունի առաջարկելու։

Ի՞նչ է օրենքը

Մենք Աստծո ու քրիստոնեության մասին բազում կարծիքներ ու ենթադրություններ ունենք, ու մեզ թվում է, որ եթե դրանց հանենք մեր կյանքից, ապա կկարողանանք ապրել այնպես, ինչպես ուզում ենք՝ լիովին ազատ, առանց ինքնադատապարտության ու մեղքի զգացումի, քանի որ օրենքներն արդեն ենթադրում են կառավարում, սահմանափակումներ ու երբեմն էլ՝ պատիժ։ Իսկ այն աշխարհը, որում ապրում ենք ամբողջությամբ ղեկավարվում է զանազան օրենքներով ու կանոններով, կարծես թե ամեն հարցի վերաբերյալ անընդհատ ստեղծվել ու ստեղծվում են կարգավորումներ ու կանոններ։ Օրենքներն անհրաժեշտություն են հասարակության բնականոն գործունեության համար, թեկուզ վստահ եմ, որ ոչ ոքիս էլ դուր չի գալիս ամեն քայլափոխին ու խաչմերուկին հանդիպող տեսախցիկները․․․ Մյուս կողմից բոլորս էլ ձգտում ենք ներդաշնակության ու կարգուկանոնի։ Գոյություն չունի որևէ լավ, օրինակելի ու արդյունավետ հասարակական կառույց առանց առողջ ու խելամիտ օրենքների։ Յուրաքանչյուր լավ ընտանիքում գոյություն ունեն տարբեր գրված ու չգրված բարոյական օրենքներ, որոնք ապահովում են տվյալ ընտանիքի համերաշխ կեցությունը, ծնողների առողջ ու օրինակելի հարաբերությունները, երեխաների ճիշտ դաստիարակությունը, զարգացումը և անվտանգությունը։ Երբ երեխային մաղթում ենք, որ «մամային ու պապային լսող բալիկ լինի», իրենց իսկ ապահովության համար ենք ասում, քանի որ գիտենք՝ ծնողները երեխայի միայն լավը կցանկանան, եթե նույնիսկ դա երեխաներին դուր չի գա։


Իսկ երբ որևէ մեկը ոտնահարում է մեր ազատությունը կամ իրավունքները, մենք դիմում ենք օրենքի ուժին՝ հույս ունենալով վերականգնել արդարությունը համապատասխան օրենքներով։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, միշտ չէ, որ օրենքները հաճելի են։ Եվ ակամայից, եթե կա մի բնագավառ, որից կարող ենք ազատվել ինչ-որ օրենքներից, պարտականություններից, կանոններից ու ապրել այնպես, ինչպես ուզում ենք, ապա միայն հիմար կլինենք, եթե դրանից հրաժարվենք։

Իսկ արդյո՞ք քրիստոնեությունը օրենքների համակարգ է

Ամեն անգամ, երբ օդանավակայանի սահմանային անցակետով անցնելիս ոստիկանները սկսում են հարցեր տալ կամ երկար քննել անձնագիրս, կամ անթարթ հայացքով անընդհատ նայում են, որպեսզի համոզվեն անձնագրի լուսանկարի մարդը ես եմ, տհաճ զգացումներ եմ ունենում։ Որքան էլ գիտեմ, որ երբևէ հանցանք չեմ գործել, ամեն բան օրինական է, գիտեմ, որ այդ մարդիկ ի շահ մեր կամ իրենց երկրի են գործում՝ հանուն խաղաղության ու ժողովրդի ապահովության, որքան էլ բարեհամբյուր, սիրալիր ու հարգանքով լինեն, վայրկյաններն եմ հաշվում, որ անձնագիրս վերադարձնեն ու թողեն՝ շարունակեմ ճանապարհս, քանի որ տանել չեմ կարողանում, երբ ինձ կասկածում են ու փորձում են «կեղտ բռնել»։ Նույն զգացումներն եմ ունենում, երբ որոշ հարևաններ, բարեկամներ կամ իմ բարին կամեցող ուրիշ մարդիկ փորձում են խցկվել իմ կյանք ու ուղղորդել ինձ՝ խորհուրդներ տալով, թե ինչպես պետք է ապրեմ և այլն (վստահ եմ՝ դուք էլ դա չեք սիրում)։ Արդյո՞ք այս նույն զգացումներն են ձեզ մոտ առաջանում, երբ Աստծո անունն եք լսում, կամ արդյո՞ք քրիստոնեությունը ձեզ մոտ ասոցացվում է վերահսկողության, սահմանափակության և այլ բացասական հույզերի հետ։ Արդյո՞ք միանգամից 10 պատվիրաններն եք հիշում, երբ խոսում են քրիստոնեական հավատից։ Արդյո՞ք Աստծուն նմանեցնում եք երկնքից բոլորին հետևող տեսախցիկի, որը կազմ ու պատրաստ սպասում է, թե երբ ինչ-որ մեկը մի սխալ բան կանի, որ տուգանի։

Եթե այո, ուրեմն եկե՛ք միասին տեսնենք, թե ինչ էր ասում Հիսուսը ու թե ինչի մասին է առհասարակ քրիստոնեությունը։ Ինչ-որ մեկը չի դառնում քրիստոնյա՝ հետևելով որոշակի օրենքների՝ «կարելի»-ների ու «չի կարելի»-ների, որևէ մեկը քրիստոնյա չի կարող համարվել, եթե պարզապես ծնվել է քրիստոնյա երկրում կամ ունի քրիստոնեական արժեհամակարգ։ Ավելին, նույնիսկ «Աստծո աչքը մտնել» չենք կարող քրիստոնեական խիստ օրենքներ, ավանդույթներ ու սովորույթներ պահելով։


Քրիստոնյա լինել նշանակում է հավատալ Հիսուսին, Իր խոսքերին ու ընդունել խաչի վրա մեզ համար արված Իր զոհը։


Հիսուսը, մարդկության հանդեպ ունեցած կատարյալ սիրուց դրդված, Իր անձը մեզ համար զոհաբերեց։ Մի առիթով Հիսուսն ասաց մարդկանց․ «․․․Ես չեմ եկել, որ աշխարհը դատապարտեմ, այլ որպեսզի փրկեմ աշխարհը»[1]։ Հիսուսը, որպես Աստված, մարդու կերպարանքով չեկավ աշխարհ, որպեսզի մեզ դատապարտի ու պատժի, ցույց տա, թե բարոյապես որքան վատն ու ձախողակ ենք, ոչ էլ եկավ, որպեսզի ասի, որ կարող ենք անել այն, ինչ ուզում ենք ու ապրենք այնպես, ինչպես ձեռք է տալիս։

Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով․ մենք ենք առաջինը երես թեքել Աստծուց սեփական կամքով ու գնացել մեր ճանապարհներով։ Մենք ոչ միայն ինչ-որ օրենքներ ենք արհամարհել, այլ մեր սրտերն ենք փակել Իր առջև ու մերժել Իրեն։ Հետևաբար, ինչ-որ օրենքներ պահելով չենք կարող իրավիճակը շտկել (ենթադրենք՝ 10 պատվիրանները), խնդիրը մեր սրտերում է։ Մեզ պետք չի, որ ինչ-որ մեկը գա ու մեզ ասի, որ էլ ավելի շատ ջանքեր թափենք, սարեր շուռ տանք ու անհնարինն անենք, մեզ պետք է մեկը, ով կփրկի մեզ մեր ստեղծած ճահճից։ Մեզ պետք է մեկը, ով մեզ ներսից կփոխի։ Ինչպես Թումանյանն է ասում իր «Դառնացած ժողովուրդ» աշխատության մեջ․


«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»[2]։


Թումանյանը խոսում է հայերի մասին, բայց սա համամարդկային խնդիր է, այդպես չէ՞։ Մեր ապստամբ սրտերն իրականում արժանի են, որ դատապարտվեն Աստծո կողմից, սակայն մեզ մեղադրելու փոխարեն Նա Հիսուսին ուղարկեց, որ փոխի մեզ ներսից ու փրկի մեզ։


Փրկելու ինչի՞ց։ Փրկելու մեզ մեղքից ու դատապարտությունից, փրկելու մեզ այն պատժից, որին արժանի ենք, փրկելու մեզ մեր իսկ ստեղծած քաոսից, որով քանդում ենք աշխարհն ու մեր սեփական կյանքները։ Իսկ մենք՝ քրիստոնյաներս, որոշում ենք հետևել Իրեն ու հնազանդվել Աստծուն ու մարդկանց սիրելու Հիսուսի պատվիրաններին՝ ի պատասխան այն մեծ ու անպայմանական սիրո, որ Հիսուսն արդեն ցուցաբերել է ու ցուցաբերում է մարդկության հանդեպ։ Հիսուսը տուգանքներ չի բաժանում մարդկանց, այլ՝ ներում է նվեր տալիս (Հիսուսի պատվիրանները հետևյալն են՝ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո ամբողջ զորությունով և քո ամբողջ մտքով, և քո ընկերոջը՝ քո անձի պես»[3]


Մենք հավատում ենք, որ քրիստոնյաների Աստվածը սիրող Հայր է, ու Իր նպատակը մարդկությունը կառավարելը չէ, այլ սիրելն ու փրկելը՝ ի շահ իրենց։ Պողոսը, որը քրիստոնեության ու Հիսուսին հետևողների ամենամեծ հալածողն էր, անհավատալի կերպով քրիստոնյա դառնալուց հետո Հռոմում գտնվող քրիստոնյաների եկեղեցուն մի նամակ է գրում, որում բացատրում է, թե որը պետք է լինի քրիստոնյաների հիմնական օրենքը․


«Ոչ ոքի ոչ մի բանով պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելու պարտավորությունից, քանի որ ընկերոջը սիրողը կատարում է Աստծո օրենքը, որովհետեվ Աստծու պատվիրանները՝ «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ ցանկացիր», և բոլոր մյուսները խտացված են այս միակ պատվիրանի մեջ․ «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»։ Ով սիրում է իր ընկերոջը, չարիք չի անի նրան։ Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել»[4]։


Ինչպես տեսնում ենք, քրիստոնեության հիմնական «օրենքը» սերն է, և Աստված առաջինը մեզ համար անձնվիրական ու առանց պայմանների սիրո օրինակ ծառայեց՝ Իր կյանքը տալով մեզ համար, որն էլ մեր ու Իր հարաբերության հիմքն է։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա մեզ սիրեց[5]։ Երբ Նա մահացավ խաչի վրա, Նա իր վրա վերցրեց մեր ապստամբ սրտերի ու կյանքերի արժանի պատիժը․ մի բան, որը մենք մեզ համար անել չէինք կարող։

Հետո նա սկսում է Իր սիրով փոխել մեզ, փոխել մեր ներսը, փոխել մեր կյանքերը։ Նա մեզ փոխում է այնպես, որ կարողանանք Աստծո Օրենքը կատարել՝ սիրել։ Դա նման չէ քո իմացած մյուս օրենքներին, այդպես չէ՞․․․

Ի վերջո՝ ազատություն

Այս աշխարհում մարդիկ փնտրում են տարբեր ձևեր ու միջոցներ իրենց լավ զգալու համար՝ լիարժեքության զգացում, սեր, ընդունված լինելու զգացում, իմաստ, ի վերջո՝ ազատություն։ Բայց Հիսուսն այդ ամենը մեզ առաջարկում է ձրի, ավելին՝ նա շնորհում է ներում մեր գործած բոլոր մեղքերի համար։ Ու կապ չունի, թե ինչ ենք արել, անում ու դեռ անելու ենք, կարևոր է այն, թե ինչ է Նա արդեն արել խաչի վրա մեզ համար ու ինչպես ենք մենք այդ ամենին արձագանքում։ Որպես մեզ Արարող ու սիրող Փրկիչ, Նա անտարբեր չէ մեր ցանկությունների ու կարիքների հանդեպ, Նրան ամեն բան հայտնի է։ Անպայմանական սիրո, խաղաղության, ուրախության, իրական ազատության, ու ներման առաջարկը կատարյալ կյանքով ապրողների համար չէ, ու ոչ էլ նրանց, ովքեր հետևում են որոշակի կանոնների, այլ դրանք բոլորիս համար են՝ հիմա ու միշտ։ Իրական ազատությունն էլ այն չէ, որ ապրենք այնպես, ինչպես ուզում ենք, այլ ազատորեն լինենք այն մարդիկ, ում Աստված ստեղծել է, որ լինենք։ Իսկ թե կբացես քո սիրտը Նրա համար ու կհրավիրես Իրեն քո կյանք, թե՝ ոչ, դա միայն քո որոշումն է։

[1] Հովհաննես 12։47 [2] http://armenianhouse.org/tumanyan/nonfiction-am/people.html [3] Ավետարանի ըստ Ղուկասի 10:27 [4] Հռոմեացիրներին 13։8-10 [5] Ա Հովհաննես 4։19

459 views0 comments
bottom of page