top of page
  • Writer's pictureApologia Center

Ո՞Վ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Փոլ Քոուփեն


ՆԱԽԱԲԱՆ


1927 թվականին աթեիստ Բերթրանդ Ռասսելը գրում է մի ակնարկ՝ «Ինչու ես քրիստոնյա չեմ» վերնագրով, որում նա խորհրդածում է մարդկության ու տիեզերքի ծագման շուրջ։ Ռասսելը եզրակացնում է, որ եթե մենք հարցնում ենք՝ «Ո՞վ է ինձ ստեղծել», ապա նաև կարող ենք հարցնել՝ «Ո՞վ է ստեղծել Աստծուն», ապա շարունակում է․ «Եթե ամեն բան պետք է առաջացման պատճառ ունենա, ապա գոյություն ունի նաև պատճառ, որը ստեղծել է Աստծուն»։1


Այս նույն մտածողությամբ էլ Քեմբրիջի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հարցնում է, թե ինչն է տիեզերքի գործունեությունն ապահովող ուժը, ինչն է ստիպում տիեզերքին շարունակել իր գոյությունը և որ տեսությունը կարող է միավորել բոլոր պատասխանները։ Այնուհետ նա զարմացած հարցնում է․ «Կամ մի՞թե [տիեզերքը] ստեղծողի կարիք ունի, և եթե այդպես է, ապա արդյո՞ք այդ ստեղծողն այլ ազդեցություն էլ ունի տիեզերքի վրա։ Իսկ ո՞վ է ստեղծել այդ ստեղծողին»։2


Նոր աթեիստ Դանիել Դեննեթթը նույն կերպով ու սարկազմով վիճաբանում է․ «Եթե Աստված է ստեղծել ու ձևավորել մեր շրջակա հիանալի աշխարհը, ապա ո՞վ է ստեղծել Աստծուն։ Սուպերաստվածը՞։ Իսկ ո՞վ է ստեղծել սուպերաստծուն։ Թե Աստված է ինքն իրեն ստեղծել։ Տեսնես՝ շատ դժվա՞ր էր։ Որքա՞ն ժամանակ պահանջվեց։ Մի՛ հարցրեք»։ 3


Երեխաները նույնպես հարցնում են, թե ով է ստեղծել Աստծուն կամ որտեղից է Աստված առաջացել, և ենթադրում ենք, որ հարուստ կենսափորձ ու գիտելիք ունեցող փիլիսոփաներն ու գիտնականներն ավելի լավ կիմանան։ Որևէ անտրամաբանական կամ հակասական բան չկա այն գաղափարի մեջ, ըստ որի որևէ բան կարող է գոյություն ունենալ մշտապես ու առանց առաջացնող պատճառի։ Եկե՛ք այս թեման մանրամասն քննարկենք։


ՏԻԵԶԵՐՔԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՉԷ, ԱՅՆ ՍԿԻԶԲ Է ՈՒՆԵՑԵԼ


Քրիստոնյաները համոզված են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել՝ առաջացել է, քանի որ Աստվածաշունչն է այդպես ասում․ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց1․1)։ Տիեզերքի ծագման վերաբերյալ հիմնական գիտական բացատրությունները, կարծես թե, սովորեցնում են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունենք երկրագնդի գոյության տարիների վերաբերյալ, «Մեծ պայթյունի» ստանդարտ տեսությունը հաստատում է, որ տիեզերքը՝ ֆիզիկական ժամանակը, տարածությունը, նյութն ու էներգիան, սկսել են գոյության ունենալ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ։ Բերենք երեք հիմնական պատճառներ, որոնք հիմնավորում են այս պնդումը։


1․ Տիեզերքն անընդմեջ ընդլայնվում է․ սա մի երևույթ է, որը հայտնաբերվել է աստղերի թողած կարմիր հետագծի շնորհիվ (կարմիր շեղում), ինչի արդյունքում պարզ է դարձել, որ աստղերը հեռանում են մեզանից։ Երբ ժամանակի մեջ ետ ենք գնում, տեսնում ենք, որ տիեզերքի ծավալը փոքրանում է մինչև մի որոշակի սկզբնական կետի։


2․ Էներգիան սփռվում է ընդլայնմանը զուգահեռ․ սա նշանակում է, որ տիեզերքը սպառում է իր էներգիան (ջերմադինամիկայի երկրորդ օրենքը), ինչը ցույց է տալիս, որ այն «լարել» են, դրան էներգիա է հաղորդվել, հետևաբար այն մշտապես գոյություն ունենալ չի կարող։


3․ Այն ստատիկ ձայնը, որը հնչում է չկարգավորված ռադիոներից կամ հեռուստացույցներից, Մեծ պայթյունի սուլոցի ձայնն է, որը նաև կոչում ենք տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթում։ Այս երեք բացահայտումները մեծապես նպաստում են Ծննդոց 1․1-ում գրված համարներին․ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։4


Տիեզերքը միշտ չէ, որ գոյություն է ունեցել՝ թե՛ որպես ստատիկ տիեզերք (կամ՝ «կայուն վիճակ»-ի), թե՛ որպես անվերջ տատանվող (ընդլայնվող կամ սեղմվող) տիեզերք, թե՛ որպես բազմատիեզերք (անթիվ-անհամար տիեզերքներից բաղկացած տիեզերք, որն այսպես, թե այնպես, չունի որևէ գիտական ապացույց)։5 Ավելին, նույնիսկ նատուրալիզմի կողմնակից գիտնականները դժկամորեն ընդունում են, որ տիեզերքը բացարձակ ծագում է ունեցել։ Աստղաֆիզիկոսներ Ջոն Բերրոուն ու Ջոզեֆ Սիլկը նկատում են․ «Տիեզերքի այս նոր պատկերն առավել մոտ է տիեզերքի՝ ոչնչից արարվելու ավանդական մետաֆիզիկական տեսությանը, քանի որ այն կանխատեսում է ժամանակի մեջ իրադարձությունների հստակ սկիզբ, և բնականաբար, հենց ժամանակի հստակ սկիզբ»։6 Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Սթիվեն Վայնբերգը նկատում է, որ ներկայումս չընդունվող «կայուն վիճակի տեսությունը (ըստ որի տիեզերքը համարվում է անսկիզբ ու անվերջ) փիլիսոփայորեն ամենագրավիչ տեսությունն է, քանի որ այն գրեթե նման չէ Ծննդոց գրքում հիշատակված տեղեկություններին»։7 Մայքլ Ս․Թուրները Գիտական Ամերիկա պարբերականում ընդունում է, որ կար մի ժամանակակետ, որից «որից առաջ ոչինչ չկար», իսկ «նյութը, էներգիան, տարածությունն ու ժամանակը միանգամից ի հայտ եկան՝ պայթյունի արդյունքում»։8 Բերրոուն ու Սիլկը հարցնում են․ «Ի՞նչ կար Մեծ պայթյունից առաջ․․․ մեր հարցի պատասխանը մեկն է՝ ոչինչ»։9


ՈՉՆՉԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՌԱՋԱՆԱԼ


«Ոչնչից ոչինչ է առաջանում», կամ, եթե կցանկանաք ավելի գրավիչ լատիներենով կարդալ՝ ex nihilo nihil fit․ Սկեպտիկները համընդհանուր կերպով կընդունեին այս սկզբունքը, եթե տիեզերքի ծագումը բավականին նման չլիներ Ծննդոց 1։1-ին ու չլիներ անձնական Արարչի ֆակտորը, ում առաջ մենք պատասխանատու ենք։ Շատ բնագետներ հույս են տածում, որ ոչնչից ինչ-որ բան է առաջացել, սակայն այնպիսի տպավորություն է, որ այս կարծիքն Աստծո գոյությունից խուսափելու տեխնիկա է։

Սակայն եկե՛ք ավելի հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք։ «Ոչինչ» չի նշանակում «անդիտարկելի սուբյեկտներ, ինչպիսիք են միջատոմային մասնիկները», այն նշանակում է՝ «ոչ մի բան»։ Գոյը չի կարող առաջանալ անգոյից (անձը՝ անանձնությունից), քանի որ անգոյը կարողություն չունի որևիցե բան ստեղծելու։ Հավանականությունը, որ որևէ բան կարող է առաջանալ բացարձակապես ոչնչությունից, զրո է։ Հայտնի գիտական գործերի հեղինակ ու ֆիզիկոս Փոլ Դեյվիսն ասում է․ «Մենք շատ տարբերակներ չունենք»․ կամ Մեծ պայթյունն առաջացել է «ֆիզիկական աշխարհից դուրս գտնվող ինչ-որ բանի շնորհիվ» կամ այն «մի իրադարձություն է՝ առանց պատճառի, հիմքի»։10


Մետաֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է ամբողջական իրականությունը։ Մետաֆիզիկայի ակնհայտ սկզբունքներից մեկն այն է, որ գոյություն ունեցող ինչ-որ մի բան չի կարող առաջանալ գոյություն չունեցող մեկ այլ բանից՝ ոչնչից։ Նույնիսկ 18-րդ դարի շոտլանդացի սկեպտիկ Դեյվիդ Հյումն այս «ինչ-որ բան՝ ոչնչից» գաղափարը համարում էր աբսուրդային։11 Աթեիստ փիլիսոփա Կայ Նիլսենը հաստատում է մեր իմացածը․ «Ենթադրենք՝ լսում ես պայթյունի մի բարձր ձայն․․․ ու հարցնում ես ինձ, թե ինչն էր պայթյունի պատճառը։ Իսկ ես պատասխանում եմ, որ ոչինչը, այն պարզապես պատահեց։ Դուք այդ պատասխանը չէիք ընդունի, այլ՝ ընդհակառակը, կհամարեիք, որ ես շատ անմիտ ու անտրամաբանական պատասխան տվեցի»։12 Եթե սա ճիշտ է փոքր պայթյունի համար, ապա ինչու ոչ՝ Մեծ պայթյունի համար։


Այսպիսով, եթե անցյալում ոչինչ գոյություն չի ունեցել, ապա հիմա ոչինչ էլ գոյություն չէր ունենա, սակայն մենք տեսնում ենք, որ այժմ գոյություն ունի այն, ինչ կա։ Սա նշանակում է, որ մի ինչ-որ բան միշտ գոյություն է ունեցել։ Սակայն այն ամենն, ինչ մենք գիտենք գիտությունից, մեզ ասում է, որ ֆիզիկական տիեզերքը (կամ՝ ֆիզիկական ամեն բան) չէր կարող միշտ գոյություն ունենալ։


Ոմանք առաջարկել են, որ անվերջ թվով վերացական մաթեմատիկական միավորները կարող էին պատճառ դառնալ տիեզերքի առաջացման համար։ Սակայն վերացական երևույթներն ու գաղափարները, փաստացի, զորություն չունեն որևէ բան առաջացնելու համար, դրանք պարզապես ոչինչ անել չեն կարող։ Մենք փնտրում ենք մի որևէ հոգևոր գոյություն, որն ի վիճակի կլիներ առաջացնել նյութը։


ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ՈՒՆԻ ԻՐԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՊԱՏՃԱՌ


Սկեպտիկների «Ո՞վ է ստեղծել Աստծուն» հարցը սխալաբար ենթադրում է, որ գոյություն ունեցող բոլոր երևույթներն ու առարկաներն ունեն պատճառներ։ Սակայն չենք կարող ասել, որ այն ամենն ինչ գոյություն ունի, պետք է պատճառ ունենա։ Սակայն կարող ենք հստակ ասել, որ այն ամենն ինչ սկսում է գոյություն ունենալ, պետք է ունենա պատճառ։ Աստվածաբանները մերժում են այն գաղափարը, որ ամեն բան պետք է ունենա իրեն գոյություն տվող պատճառ, այլապես կնշանակեր, որ Աստծուն ևս ստեղծող պատճառ կա։ Մենք գիտենք, որ տիեզերքը սկսել է գոյություն ունենալ։ Հետևաբար պետք է լիներ մի պատճառ, որն առաջացրել է տիեզերքը։ Մյուս կողմից, մշտագո ու ինքնուրույնաբար գոյություն ունեցող Աստված, ըստ էության, կարիք չունի որևէ պատճառի, այլ անպատճառ է։


«Ո՞վ է ստեղծել Աստծուն» հարցն՝ ըստ աթեիզմի, ենթադրում է, որ ամեն բան՝ ներառյալ Աստված, պետք է ունենա ստեղծման դրդապատճառ կամ նախնական հանգամանք։ Սակայն եթե Աստված հետևանքն է որևէ պատճառի, ապա նա այլև Աստված չի կարող համարվել, քանի որ իր գոյության համար նա պետք է պարտական լիներ մեկ այլ ստեղծող պատճառի։


Սա տրամաբանության մեջ հայտնի սխալներից «հիմքի կանխարկում» կոչվածն է, որը ենթադրում է միանցամից, թե ինչ ես ցանկանում ապացուցել։ Սա նման է նրան, որ ասենք․ «Ողջ իրականությունը միայն ֆիզիկական է, հետևաբար Աստված գոյություն ունենալ չի կարող»։ Սակայն «Այն ամենն, ինչ սկսում է գոյություն ունենալ, ունի պատճառ» արտահայտությունը հիմքի կանխարկում չէ, ու չի ենթադրում, որ Աստված է ստեղծել տիեզերքը։ Մենք դեռևս կարող ենք հարցնել, օրինակ՝ արդյոք տիեզերքի ստեղծման պատճառն անձ է, թե ոչ։


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՎԻՏԵՆԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


Ցավոք սրտի, Բերթրանդ Ռասսելը մեկը մյուսի հետևից արտամուսնական կապեր հաստատող տղամարդու վատ համբավ ուներ։14 Ի հավելումն այս ֆիզիկական դավաճանություններ ու ստերի՝ նա նաև մի քանի մետաֆիզիկական խաբեությունների հեղինակ է։ Հիշենք, որ նա մերժում էր Աստծուն, քանի որ բերում էր «Ո՞վ է ստեղծել Աստծուն» հակադիր փաստարկը։ Սակայն ավելի ուշ՝ 1948 թվականին BBC-ում քրիստոնյա փիլիսոփա Ֆրեդերիկ Քոփլեսթոնի հետ բանավեճի ժամանակ Ռասսելը անտարբերությամբ ու անփութորեն ակնարկեց, որ տիեզերքը «պարզապես կա ու վերջ»։14 Նկատեցի՞ք, թե նա ինչ է արել։ Նա ավելի վաղ մերժել էր Աստծո գոյությունը, քանի որ նա ենթադրում էր, որ Աստծո ինքնագոյության անհրաժեշտությունն անտրամաբանական է, սակայն նա ընդունում էր, որ տիեզերքի ինքնագոյությունը կատարելապես տրամաբանական է։ Եվ նա միակ փիլիսոփան չէ, որ նմանատիպ խաղեր է խաղում մետաֆիզիկայի հետ։


Մեզ համար արդեն հասկանալի է, որ «Ո՞վ է ստեղծել Աստծուն» առարկությունը ենթադրում է աթեիզմի իրավացիություն։ Ավելին, աշխարհի ամենահայտնի մտածողների մեծ մասը՝ Պլատոնից ու Արիստոտելից սկսած, հավատում էին, որ տիեզերքն ու մատերիան հավիտենական են, ու իրենց գոյության համար որևէ բացատրություն պետք չէ։ Այժմ, երբ գիտենք, որ տիեզերքը սկսել է գոյություն ունենալ մի որևէ վերջավոր թվով ժամանակաշրջան առաջ, ապա ինչո՞ւ չի կարող հավիտենապես գոյություն ունեցող Աստված լինի տիեզերքի առաջացման պատճառը։ Ինչպես նկատում է Դալլաս Ուիլլարդը, «մշտապես ինքնագոյություն ունեցող էակի առկայությունն ավելի հավանական է, քան առկայությունն ինքնագո երևույթի, որն առաջացել է առանց պատճառի»։15 Փաստացի, նախքան Մեծ պայթյունը կդառնար հիմնովին հաստատված տեսություն, աթեիստներն ու սկեպտիկներն իրենք էին հավատում (Ռասսելը նույնպես), որ տիեզերքը հավիտենական է ու իր գոյությունն առաջացնող պատճառ չունի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք բանականորեն չի կարող ընդունել, որ ինչ-ոչ բան կարող է հանկարծակի ի հայտ գալ առանց որևէ պատճառի՝ ոչնչից (ինչպես պնդում էր Դեյվիդ Հյումը)։ Սակայն այժմ, երբ ժամանակակից գիտությունը հաստատում է տիեզերքի սկիզբ ունենալու գաղափարը, բազում մարդիկ, որոնք հերքում են Աստծո գոյությունը, անհարմար դրության մեջ են հայտնվում այս փաստի հնարավոր աստվածաբանական հետևությունների պատճառով․ նրանք կնախընտրեին հավատալ, որ տիեզերքն անպատճառ է կամ (ինչ-որ կերպ) ինքնաառաջացել է։


Անկախ նրանից, թե դա տիեզերքն է, Աստված կամ մի ինչ-որ այլ՝ «Բացարձակ» կամ «Գերագույն» երևույթ, բազում խելացի մտածողներ, որոնք ունեն տարակարծիք փիլիսոփայական համոզմունքներ, հավիտենական, ինքնագո սուբյեկտի գոյությունը համարել են միանգամայն տրամաբանական ու հավանական։


Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ՝ ՏԻԵԶԵՐՔԸ (ԿԱՄ ԴՐԱ ՏԱՐՐԵՐԸ) ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ


Ինչո՞ւ, առհասարակ, որևէ բան գոյություն ունի։ Այստեղ անհրաժեշտ է տարբերակել անհրաժեշտաբար գոյություն ունեցող ու պատահականության արդյունքում գոյություն ունեցող իրականություններն ու տարրերը։


Պատահականության, դիպվածի արդյունքում գոյություն ունեցող տարրը․

Ա․ պահանջում է, որ իրենից դուրս մի բան, որը պատճառի (կամ առաջացնի, իրականացնի) տվյալ տարրի գոյությունը,


Բ․ պահպանվում է, շարունակում է իր գոյությունը մեկ այլ բանի շնորհիվ, իր գոյությունը կախված է մեկ այլ բանից,


Գ․ վերջավոր է,


Դ․ միջանկյալ բացատրություն է։16


Ի հակադրություն սրա՝ անհրաժեշտաբար գոյություն ունեցող տարրի անմիջական բնույթնարդեն բավարար պատճառ է իր սեփական գոյության համար, այն․


Ա․ անպատճառ է,


Բ․ ապահովում է սեփական գոյությունը,


Գ․ հավիտնական է,


Դ․ գերագույն է։


Ըստ սահմանման՝ Աստված պետք է որ գոյություն ունենա բոլոր հնարավոր աշխարհներում։ Որպես անհրաժեշտ գոյություն՝ Աստված չի կարող գոյություն չունենալ։

Ի հակադրություն սրա՝ չկա որևէ պատճառ, ըստ որի տիեզերքը պետք է գոյություն ունենա որպես անհրաժեշտաբար գոյություն ունեցող երևույթ։ Ո՛չ տիեզերքը՝ որպես ամբողջություն, ո՛չ իր մեջ գտնվող զանազան տարրերը, պետք չէ, որ գոյություն ունենային։ Եթե տիեզերքը սպառվում է ու հավիտենական չէ, ապա տրամաբանական է հարցնել․ «Ինչի՞ց է կախված տիեզերքը»։


Մենք հասկացել ենք, որ տիեզերքը չէր կարող հենց այնպես ի հայտ գալ՝ ոչնչից չպատճառված։ Եվ ինչո՞ւ հենց տիեզերքը։ Ինչո՞ւ փղեր կամ դաշնամուրներ ի հայտ չեն գալիս հենց այնպես։ Ո՛չ, անկախ նրանից, թե մենք աթեիստներ ենք, թե՝ թեիստներ, մենք համաձայնում ենք ու ընդունում, որ այն ամենն, ինչ գոյություն ունի (անհրաժեշտաբար կամ պատահաբար), իր գոյություն համար ունի իր գոյությունն ապահովող բավարար պատճառ։17


«Ո՞Վ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՍՏԾՈՒՆ» ՀԱՐՑԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ


Մենք տեսել ենք, որ «Ո՞վ է ստեղծել Աստծուն» հարցը հիմքի կանխարկում է, որը ենթադրում է, որ հարց տվողը ցանկանում է ապացուցել, որ բոլոր տարրերը պետք է լինեն մեկ այլ բանից կախված։ Սակայն Աստված մի առանձին կատեգորիա է՝ իրականության մնացյալ մասից զատ։ Աստծուն դնել պատահականության կամ կախվածության կատեգորիայի մեջ նույնն է, թե հարցնել․ «ի՞նչ համ ունի կանաչ գույնը» կամ «ինչպե՞ս է համեմված «դո» նոտան»։ Աստված, որպես այդպիսին, պետք է լինի որևէ բանից չպատճառված ու չառաջացած, անհրաժեշտաբար գոյություն ունեցող էակ։ Չի կարելի մեղադրել Աստծուն, որ վերջինս պատահականություն չէ ու կախված չէ որևէ բանից։ Ավելի հստակեցնելով՝ եկե՛ք «Ո՞վ է ստեղծել Աստծուն» հարցը փոխարինենք մեկ այլ հարցով՝ «Ի՞նչն է պատճառ դարձել, որ ինքնագո, անպատճառ (որևէ բանից չառաջացած) Պատճառը, որն իր բնույթով անստեղծելի է, գոյություն ունենա»։ Հարցն իր պատասխանն արդեն տալիս է։


ԵՐԿՈՒ ՄՏԱՏԱՆՋՈՂ ՀԱՐՑ


Շփոթեցնող չէ՞ արդյոք, որ ինչ-որ բան կարող է հավիտենապես գոյություն ունենալ։ Դե՛, որոշ իրականություններ, ինչպիսիք են տրամաբանական օրենքները կամ մաթեմատիկական ճշմարտությունները, ակնհայտորեն առաջացման պատճառ չունեն, և կարող ենք ասել, որ դրանք ծագում են Աստծո ռացիոնալ, բանական բնույթից։ Օրինակ՝ «2+2=4» պնդումը ճշմարիտ չի դարձել մի որոշակի ժամանակաշրջան առաջ [այն միշտ ճիշտ է եղել]: Այսպիսով, եթե սա ճշմարիտ է, ապա ինչո՞ւ նույնը չենք կարող ասել Աստծո վերաբերյալ։


Իսկ ինչպե՞ս կարող էր կատարյալ, հնարավորինս մեծ ու ահռելի էակը պարզապես «հենց այնպես» գոյություն ունենալ։ Մենք կարող ենք պատասխանել, որ սկեպտիկների առջև ավելի մեծ մարտահրավեր կա․ ինչպե՞ս կարող էր ոչնչից առաջանալ այսքան ճշգրիտ կառուցվածք ունեցող տիեզերք։ Այսինքն, ինչպե՞ս կարող էր կատարելապես ճշգրիտ կառուցվածք ունեցող տիեզերքն ի հայտ գալ իր ճշգրիտ պարունակությամբ, ընդլայնման արագությամբ, պրոտոնային ու էլեկտրոնային ճշգրիտ հարաբերակցությամբ, էլեկտրամագնիսական ուժի ու ծանրության ուժի ճշգրիտ հարաբերակցությամբ և բազում այլ նրբանկատորեն հավասարակշռված պայմաններով, որոնք ի սկզբանե անհրաժեշտ են կենսաբանական կյանքի գոյության համար։ Ոչնչից պատահականորեն ծագած տիեզերքի վարկածն ընտրելու փոխարեն, որն արտադրում է բացարձակապես անթերի հոմոսապիենսներ, ավելի հավանական է հավատալ այն տեսակետին, որ մի ամենագետ, զորավոր, անհրաժեշտ Պատճառ կա այս ամբողջ ճշգրտության մեջ։


Միևնույն է, գալիս է մի սահմանային կետ, որտեղ անհրաժեշտ է տալ միջանկյալ բացատրություններ։ Եթե գիտնականները թույլ տային անվերջանալի բացատրություններ որոշակի երևույթների համար, ապա գիտության առաջընթացը կկաղեր։ Պարզ է, որ տիեզերքը չէ գերագույն, անհրաժեշտ բացատրությունը։ Որպես անհրաժեշտ էակ, սակայն, ինքնաբավ Աստվածը, դուրս է գալիս, որ ամենահամապատասխան ու վերջնական բացատրությունն է իրենից դուրս գտվնող բոլոր իրողությունների գոյության համար։


ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


1. Բերթրանդ Ռասսել, «Ինչու ես քրիստոնյա չեմ» գրքից՝ «Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ և այլ ակնարկներ կրոնի ու նման հարցերի շուրջ» (Նյու Յորք, 1957), էջ՝ 6։


2. Սթիվեն Հոքինգ, «Ժամանակի համառոտ պատմություն» (Նյու Յորք, 1988), էջ՝ 174։


3. Դանիել Դեննեթթ, «Աթեիզմ և էվոլյուցիա», «Աթեիզմի Քեմբրիջյան ընկերակցություն», (Քեմբրիջ, 2007), էջ՝ 143։


4. Ողջ քննարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ Փոլ Քոուփեն ու Ուիլիյամ Լեյն Քրեյգ, «Արարչագործություն՝ ոչնչից․ աստվածաշնչյան, փիլիսոփայական և գիտական ուսումնասիրություն» (Գրանդ Րեփիդս, 2004)։


5. Նույն տեղում (այնտեղ կարող եք ծանոթանալ տիեզերքի ծագման վերաբերյալ տարբեր քննարկումների)։


6. Ջոն Բերրոու և Ջոզեֆ Սիլկ, «Արարչագործության ձախ ձեռքը», 2-րդ հրատ., (Նյու Յորք, 1993), Էջ՝ 38։


7. Ջոն Բերրոու, «Աշխարհ՝ աշխարհի մեջ» (Օքսֆորդ, 1988), էջ՝ 226։


8. Մայքլ Թուրներ, «Տիերզերքը», Գիտական Ամերիկա (Սեպտեմբեր 2009), 39։


9. Բերրոու և Սիլկ, «Արարչագործության ձախ ձեռքը», էջ՝ 209։


10. Փոլ Դեյվիս, «Աստված, տիեզերք, բնություն և արարչագործություն» գրքից՝ «Տիեզերքի ծնունդը» (Էդինբուրգ, 1995), էջ՝ 8,9։


11. Դեյվիս Հյում, «Դեյվիդ Հյումի նամակները» գրքից՝ «Նամակ Ջոն Ստյուարտին» (February 1754)2-րդ հատոր, (Օքսֆորդ, 1932), Էջ՝ 1-187:


12. Կայ Նիլսեն, «Բանականություն և կիրառություն» (Նյու Յորք, 1971), էջ՝ 48։


13. Տե՛ս գլուխ 8, «Բերթրանդ Ռասսել․ տրամաբանական անհեթեթությունների դեպքը» Փոլ Ջոնսոնի «Ինտելեկտուալները» գրքում (Նյու Յորք, 1988)։


14. Ջոն Հիք և այլոք, «Աստծո գոյությունը», (Նյու Յորք, 1964), էջ՝ 175։


15. Դալլաս Ուիլլարդի «Լեզու, էություն և Աստված. աստվածաբանական փաստերի երեք փուլերը» Ջ․Փ․ Մուրլանդի և Կայ Նիլսենի «Արդյո՞ք Աստված գոյություն ունի» գրքում (Նաշվիլ, 1990), էջ՝ 206։


16. Վինֆրայդ Քրդուան, «Կասկած չկա դրա վերաբերյալ․ փաստ քրիստոնեության համար», (Նաշվիլ, 1997)։


17. Սթիվեն Դեյվիս, «Տիեզերաբանական փաստարկներ և Աստծուն հավատալու իմացաբանական կարգավիճակը», Philosophia Christi 1 (1999), էջ՝ 10։

1,732 views0 comments
bottom of page