Ուիլիյամ Լեյն Քրեյգ
ՀԱՄԱՌՈՏ
Թե ինչու է Աստված բարոյական գիտակցության միակ վստահելի ու առողջ հիմքը։
Կարո՞ղ ենք լինել բարի ու լավն առանց Աստծո։ Առաջին հայացքից այս հարցի պատասխանն այնքան ակնհայտ է թվում, որ նույնիսկ զայրույթ է առաջացնում։ Քանի որ մենք՝ բոլորս, ովքեր քրիստոնյա թեիստներ ենք, անկասկած, Աստծո մեջ ենք գտնում բարոյական ամրության ու վճռականության աղբյուրները, որոնցով ի վիճակի ենք լինում ապրել բարոյապես ավելի լավ կյանքով, քան կապրեինք առանց Իրեն։ Այնուամենայնիվ ամբարտավան ու տգետ է հնչում, եթե պնդենք, որ նրանք, ովքեր չեն կիսում մեր հավատն Աստծո հանդեպ, ոչ միշտ են բարոյապես լավ կյանքով ապրում. ընդհակառակը, երբեմն նրանց ապրած կյանքերն ու գործունեությունը մեզ` հավատացյալներիս ամոթով են թողնում։
Այդ դեպքում, իհարկե՛, մեծամիտ ու անիմաստ է թվում շարունակել այն պնդումը, որ մարդիկ առանց Աստծուն հավատալու կարող են լավը լինել։ Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է․ կարո՞ղ ենք առհասարակ լավը լինել առանց Աստծո։ Հարցին այս կերպ մոտենալով՝ մենք մետաէթիկայի հիմնական՝ բարոյական արժեքների օբյեկտիվության հարցը պրովոկացիայի ենք ենթարկում։ Արդյո՞ք մեզ համար կարևոր ու կյանքի համար առաջնային արժեքները պարզապես սոցիալական նորմեր են՝ նման ճանապարհի աջ կամ ձախ կողմերով մեքենա վարելուն, թե՞ դրանք պարզապես անհատական ճաշակի՝ նախապատվության հարցեր են, ինչպես որոշակի ուտելիքներ սիրել-չսիրելը։ Կամ արդյո՞ք այդ արժեքներն ընդունելի ու վավեր են անկախ նրանից, թե ինչպես ենք դրանց վերաբերվում, և եթե այդպես է, ապա՝ ի՞նչ հիմքով։ Ավելին, եթե բարոյական արժեքները միայն հորինված կոնվենցիաներ են, ապա ինչո՞ւ պետք է դրանց համապատասխան գործենք, հատկապես եթե դրանք բախվում են մեր սեփական հետաքրքրություններին ու շահերին։ Թե՞ ինչ-որ ձևով մենք պատասխանատու ու հաշվետու ենք մեր բարոյական որոշումների ու գործողությունների համար։
Այսօր ուզում եմ պնդել, որ եթե Աստված գոյություն ունի, ապա բարոյական արժեքների, բարոյական պարտականությունների ու բարոյական պատասխանատվության օբյեկտիվությունն ապահովված է, սակայն եթե Աստված գոյություն չունի, ապա բարոյական գիտակցությունը պարզապես մարդկային նորմ է՝ բացարձակապես սուբյեկտիվ ու ոչ պարտադիր։ Մենք միգուցե շարունակենք ապրել ու գործել հենց այնպես, ինչպես միշտ փաստացի ապրել ենք, սակայն Աստծո բացակայության դեպքում մեր որևէ արարք լավ կամ վատ պիտակել չենք կարող, քանի որ եթե Աստված գոյություն չունի, օբյեկտիվ բարոյական արժեքներ գոյություն չունեն։ Այսպիսով առանց Աստծո գոյության լավը (կամ վատը) լինել չենք կարող։ Մյուս կողմից, եթե հավատում ենք, որ բարոյական արժեքներն ու պարտավորությունները օբյեկտիվ են, ապա սա արդեն Աստծուն հավատալու բարոյական հիմք է ծառայում։
Քննարկենք այն վարկածը, որ Աստված գոյություն ունի։ Նախ, եթե Աստված գոյություն ունի, ապա գոյություն ունեն նաև օբյեկտիվ բարոյական արժեքներ։ Ասել, թե կան օբյեկտիվ բարոյական արժեքներ, նշանակում է, որ ինչ-որ բանը ճիշտ է կամ սխալ անկախ նրանից, թե հավատում ենք դրան, թե՝ ոչ։ Օրինակ՝ ասել, որ նացիստական հակահրեական գործելաոճը բարոյապես սխալ է, նույնիսկ եթե Հոլոքոստն իրականացնող նացիստները կարծում էին, որ դա լավ էր ու ճիշտ, այն դեռևս սխալ կլիներ, եթե նացիստները հաղթեին Համաշխարհային Երկրորդ պատերազմն ու հաջողվեին իրենց փորձարկումներում ու լվանային բոլոր նրանց ուղեղները, ովքեր չէին համաձայնի իրենց հետ։
Աստվածաբանական տեսակետից օբյեկտիվ բարոյական արժեքներն արմատավորված են Աստծո մեջ։ Աստծո սեփական սուրբ ու կատարելապես բարի բնույթն այն բացարձակ չափանիշն է՝ կշռաքարը, որով բոլոր գործողությունն ու որոշումները կշռվում են։ Աստծո բարոյական բնույթն այն էր, ինչ Պլատոնը կոչում էր «ԲԱՐԻ»։Նա է բարոյական արժեքների առանցքն ու աղբյուրը։ Իր բնույթով Աստված սիրող է, առատաձեռն, արդար, հավատարիմ, բարի և այլն։
Comments