Ուիլիյամ Լեյն Քրեյգ
Այս հոդվածում քննարկվում են Հիսուսի հարությանը հավատալու պատմական հիմքերը` մասնավորապեսքննարկվում են դատարկ գերեզմանի, ետմահու հայտնվելու, ինչպես նաև առաջին աշակերտների հարության հանդեպ ունեցած հավատի փաստարկները։
Վերջերս Կանադական մի հայտնի համալսարանում խոսում էի Աստծո գոյության թեմայով։ Իմ դասախոսությունից հետո մի փոքր-ինչ բարկացած ուսանողուհի իր կարծիքի թերթիկում գրել էր․ «Ես համաձայն էի Ձեզ հետ մինչև այն պահը, երբ սկսեցիք խոսել Հիսուսի մասին։ Աստված քրիստոնյաների աստվածը չէ»։
Այս օրերին նման մոտեցումը բավականին տարածված է։ Շատ մարդիկ համաձայնում են ընդունել, որ Աստված գոյություն ունի, սակայն մեր բազմակարծիք հասարակության մեջ պատշաճ չէ պնդել, որ Աստված իրեն հայտնել է միայն Հիսուսի անձի միջոցով։ Իսկ ի՞նչ արդարացում ունեն քրիստոնյաները՝ պնդելու, որ քրիստոնյաների Աստվածն է միայն իրական՝ ի հակադրություն հինդուների, հրեաների ու մահմեդականների։ Քրիստոնյաների համար պատասխանը Նոր Կտակարանում է՝ Հիսուսի հարությունը։ «Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պիտի դատի ամբողջ աշխարհը մի մարդու ձեռքով, որի միջոցով ուզեց հավատ ներշնչել բոլորին՝ նրան հարություն տալով մեռելներից» (Գործք 17.31)։ Հարության փաստն ապացուցում է, որ Հիսուսի ծայրահեղ պնդումներն իր իսկ աստվածային իշխանության վերաբերյալ ճիշտ են։
Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք Հիսուսը հարություն է առել։ Հարության մասին մի օրհներգում ասվում է․ «Ինձ հարցնում ես, թե ինչպես գիտեմ, որ նա ապրում է։ Նա իմ սրտում է ապրում»։ Այս պատասխանը մեր անձնական կյանքում միանգամայն բավական է, սակայն երբ քրիստոնյաները հրապարակավ ներգրավվում են ոչ հոգևոր մարդկանց հետ զանազան քննարկումներում, ինչպես օրինակ՝ տեղական թերթերում կամ ռադիոհաղորդումներում, կամ պարզապես զրուցում են աշխատակիցների հետ, ապա մեր հավատն ապացուցող խելամիտ փաստեր ներկայացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Այլապես մեր պնդումներով միայն ջուր կծեծենք, ինչպես այն մարդիկ, ովքեր որպես իրենց հավատի ապացույց՝ անձնական փորձառություններ են ներկայացնում։
Բարեբախտաբար, քրիստոնեությունը՝ որպես պատմության մեջ իր արմատները գցած կրոն, այնպիսի պնդումներ է անում, որոնք կարելի է քննել պատմականորեն։ Այդ դեպքում նորկտակարանյան գրվածքներին պետք է մոտենալ ոչ թե որպես Սուրբ Գրքի, այլ պարզապես հունարեն գրված զանազան զեկույցների ու նամակների հավաքածուի, որոնք մեզ են հասել դեռևս առաջին դարից, և որոնց պետք է ուսումնասիրել այնպես, ինչպես հին դարերի պատմությունից մեզ հասած այլ աղբյուրները։ Հետաքրքիր է, բայց Նոր Կտակարանի քննադատներն այս կերպով ուսումնասիրելով ավետարանները՝ ընդունում են Հիսուսի հարության վերաբերյալ հիմնական փաստերը։ Այստեղ պետք է շեշտեմ, որ խոսքը միայն ավետարանական ու ավանդական պատմաբանների մասին չէ, այլ Նոր Կտակարանի քննադատների լայն շրջանակի, որ դասավանդում են ոչ հոգևոր համալսարաններում ու ոչ աստվածաբանական ճեմարաններում։ Որքան էլ զարմանալի թվա, նրանցից շատերը պատմական են համարում այն բոլոր փաստերը, որոնք հաստատում են Հիսուսի հարության վարկածը։ Ահա՛ այդ փաստերն՝ ըստ հերթականության․
ՓԱՍՏ #1: Իր խաչելությունից հետո Հիսուսը Հովսեփ Արիմաթիացու կողմից թաղվեց վերջինիս պատկանող գերեզմանում։ Այս փաստը մեծ նշանակություն ունի, քանի որ սա նշանակում է, որ Հիսուսի թաղման վայրը հավասարապես հայտնի էր թե՛ հրեաներին, թե՛ Քրիստոսի հետևորդներին (ի հակադրություն Ջոն Դոմինիկ Քրոսսանի ծայրահեղ պնդումների)։ Այլապես աշակերտները երբեք չէին պնդի, որ Հիսուսը հարություն է առել Երուսաղեմում, եթե գերեզմանը դատարկ չլիներ։ Նոր Կտակարանն ուսումնասիրող մասնագետները հաստատել են այս առաջին փաստը հետևյալ փաստարկներով․
Comments