top of page
  • S.Knarik

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՎԱՏՔԸ ԶՈՒՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻԼՅՈՒԶԻԱ Է

Updated: Mar 5, 2020

Հաճախ կարելի է լսել այն միտքը, որ հավատքը պարզապես հոգեբանական պատրանք է թույլերի, վախկոտների ու կարիքավորների համար։ Թեև հայ իրականության ու հայերի մեծամասնության համար քրիստոնեությունը պարզապես ավանդույթի ու մշակույթի մաս է, սակայն ոմանք Աստծո գոյության հարցին այլ կերպ են մոտենում՝ համարելով, որ այն կա՛մ հիմնավոր փաստ է, գոյություն, ում կարելի է հավատալ ու վստահել, կա՛մ՝ մտացածին հեքիաթ՝ հոգեբանական իլյուզիա կյանքի տարբեր իրավիճակներում։


Այն գաղափարը, որ հավատքը թույլերի ու վախկոտների համար է, հիմնված է մի շարք ենթադրություների վրա, որոնց արմատները կարելի է գտնել հոգեբանության մեջ։ Ահա ենթադրություններից երկուսը, որոնց շուրջ մանրամասն ցանկանում եմ խոսել այս հոդվածում․


- Աստված լոկ հոգեբանական պրոյեկցիա է, նա իրականում գոյություն չունի, այլ իրեն հավատացողները ստեղծել են իրեն իրենց մտքերում՝ «հոր» կերպար վերագրելով այդ Աստծուն, որպեսզի իրենց գոյությունն ավելի իմաստավորված լինի։


- Թույլերի ու տկարների համար հավատքն անհրաժեշտություն է․ այսպես կոչված «հարաբերությունն Աստծո հետ» պարզապես հոգեբանական աջակցություն է տարբեր խնդիրների պարագաներում, իսկ ուղեղի համար պարզապես հաճելի է Աստծո գոյության գաղափարը։


ԱՍՏՎԱԾ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՑԻԱ


Այն վարկածը, որ Աստված պարզապես հոգեբանական պրոյեկցիա է, առաջ են քաշել գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախն ու ավստրիացի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը։ Ֆոյերբախն ասում էր․ «Աստված մարդու գերագույն սուբյեկտիվությունն է՝ պոկված հենց մարդուց[1]»։ Այլ կերպ ասած՝ Աստված մեր սեփական անձերի պրոյեկցիան է երկնքում։ Ֆրոյդն է՛լ ավելի է զարգացրել Ֆոյերբախի միտքն՝ ասելով, որ կրոնական հավատալիքները «մարդկության ամենահին, ամենաուժեղ ու ամենահրատապ ցանկությունների իրականացումն են[2]»։ Վիճաբանելով Աստծո գոյության ու քրիստոնեության դեմ՝ Ֆրոյդը պնդում էր, որ մարդիկ Աստծո կերպարի մեջ այս դաժան աշխարհում փնտրում են «հոր» կերպարը՝ ակնկալելով երկնքից պաշտպանություն ու աջակցություն։ Ֆրոյդի համար քրիստոնեությունը ստեղծված է մարդու կերպարով՝ որպես «գերագույն ցանկության ու երազանքի կատարում», որպես «սիրող հոր կերպարի վերջնական տեսք», որին փափագում է մարդկությունը։


Արդյո՞ք հոգեբանության տեսանկյունից այսքան հեշտ կարելի է ապացուցել, որ Աստված իրոք չկա։ Չէ՞ որ պրոյեկցիայի վերաբերյալ այս փաստարկը կարելի է նույն կերպ օգտագործել՝ հակառակը պնդելու համար[3]։ Արդյո՞ք հնարավոր չէ ասել, որ Ֆրոյդն ու մյուսները, որոնք մերժում են Աստծո գոյությունն այս փաստարկով, պարզապես փախչում են «հոր կերպարից», իսկ Աստծո՝ որպես հոր գոյություն չունենալն իրենց ներքին փափագի դրսևորումն է, քանի որ նրանք պարզապես չեն ուզում, որ այդպիսի կերպար գոյություն ունենա (հարկ եմ համարում այստեղ նշել, որ ըստ մի ուսունասիրության՝ Նիցշեն, Հյումը, Ռասսելը, Հիտլերը, Ստալինը, Մաո Զեդոնգը, Սարտրը ունեցել են թույլ, բռնակալ կամ բացակա հայրեր[4])։ Բացի այդ, աշխարհում եղած կրոնների մեջ միայն քրիստոնեության մեջ է Աստված սիրող հայր համարվում, հետևաբար, այս պնդումը չի կարող ճշմարիտ լինել բոլոր կրոնների համար։


Իհարկե, սա դեռ չի փաստում Աստծո գոյության վարկածը, սակայն օգնում է տեսնել, որ նման պնդումը նաև չի կարող հերքել Աստծո գոյությունը։ Եթե Աստված պարզապես լիներ մարդկային պրոյեկցիայի արդյունք, ապա ինչպե՞ս բացատրել քրիստոնյա դարձած հայտնի աթեիստների դավանափոխությունը (Քլայվ Լյուիս, Ալիսթեր ՄաքԳրաթ, Լի Սթրոբել և այլն), որոնք կնախընտրեին չհավատալ, քան անկեղծությամբ հայտնաբերել, որ քրիստոնեությունն ունի շատ համոզիչ փաստարկներ Աստծո գոյության համար։ Եթե քրիստոնյաները հավատում են Աստծո գոյությանը, քանի որ ուզում են, որ այդպես լինի, արդյո՞ք աթեիստներն էլ չեն հավատում Աստծուն, քանի որ ուզում են, որ նա գոյություն չունենա։ Եվ, բնականաբար, եղել են աթեիստներ, որ խոստովանել են, որ իրենց դեպքում հենց այդ տարբերակն է։ Իր «Վերջին խոսքը» գրքում Թոմաս Նեյջլը գրում է․ «Ես ցանկանում եմ, որ աթեիզմը ճիշտ լինի, և ինձ համար հեշտ չէ ընդունել այն փաստը, որ իմ ճանաչած ամենախելացի ու ամենաիրազեկված մարդկանցից ոմանք հավատացյալ են։ Հարցն այն չէ, որ պարզապես չեմ հավատում Աստծուն, թեև հույս ունեմ, որ իմ համոզմունքները ճիշտ են։ Ուղղակի ես հույս ունեմ, որ Աստված չկա։ Ես չեմ ուզում, որ Աստված գոյություն ունենա, ես չեմ ուզում, որ տիեզերքն այդպիսին լինի[5]»։ Հայտնի անգլիացի գրող Օլդոս Հաքսլին նմանատիպ միտք է արտահայտում․ «Ես իմ սեփական դրդապատճառն ունեի, երբ ցանկանում էի, որ այս աշխարհը չունենա գոյության իմաստ, հետևաբար եզրակացնում էր, որ այն չունի․․․ Ինձ համար անիմաստության փիլիսոփայությունը կարևոր գործիք էր քաղաքական ու սեռական ազատագրության պայքարի համար[6]»։ Միգուցե աթեիզմը աստվածային իշխանությունից դուրս գալու միջո՞ց է։ Չէ՞ որ, «եթե Աստված գոյություն չունի, ապա ամեն բան թույլատրելի է[7]»։ Իհարկե, ոչ բոլոր աթեիստներն են համամիտ այս պնդումների հետ, և ոչ բոլոր աթեիստներն են պրոյեկտում իրենց ընտանեկան բացասական փորձառություններն Աստծո գոյությունը հերքելու համար։ Սակայն մենք՝ մարդիկս, ավելին ենք, քան պարզապես մարմին, որում ուղեղ կա։ Մեր ցանկությունները, բնականաբար, ազդում են մեր հավատալիքների վրա։ Ես գիտեմ, որ բանջարեղենն ավելի օգտակար է, քան խմորեղենը։ Ես բնավ կասկածի տակ չեմ առնում բժշկական փաստերը, բայց ավելի շատ խմորեղեն եմ նախընտրում, քան՝ բանջարեղեն։ Հետևաբար ընդմիջումների ժամանակ առանց երկար-բարակ մտածելու մի որևէ քաղցր բան եմ ուտում։ Այս վերաբերմունքը միգուցե ընդունելի է ուտելիքի հարցում, սակայն կյանքի կարևորագույն հարցերի շուրջ նմանատիպ մոտեցումը չի կարող լուրջ համարվել։ Մեծագույն վտանգ կա, եթե հավատանք նրան, ինչին ուզում ենք հավատալ՝ առանց փաստերի, հատկապես, եթե հակառակ մոտեցումն այնքան էլ «հարմար» չէ։ Մարդիկ հեշտությամբ են արհամարհում ճշմարտությունը, եթե դրա հետևանքներն այդքան էլ ձեռնտու չեն։


Ավելին, կարող ենք պնդել, որ եթե մարդիկ ներքին ցանկություն ունեն այնպիսի Աստծո գոյության համար, որը սիրող է, հոգատար կամ ապահովում է բարոյական արժեքների համակարգ, ապա միգուցե մարդ արարածները ստեղծվել են հենց այդպիսի «կոդավորմամբ»։ Եթե մեծ ցանկությամբ որևէ բան փափագում ենք, որ ճիշտ կամ իրական լինի, իսկ այն այդպես չէ, ապա մեծ դժվարության առաջ ենք կանգնում։ Կամ, հնարավո՞ր է արդյոք, որ որոշ համամարդկային ցանկություններ միաժամանակ լինեն սխալ։ Մեր ցանկությունների մի մասն առնվազն կապված է ճշմարտության ու իրականության հետ, ինչպես որ բացատրում է անգլիացի գրող ու փիլիսոփա Քլայվ Լյուիսը․ «Քրիստոնյաներն ասում են, որ արարածները չեն ծնվում այնպիսի ցանկություններով, որոնց բավարարումը չկա։ Երեխան սոված է, դե, այսպիսով, կա ուտելիք կոչվածը։ Բադիկը ցանկանում է լողալ, դե՛, այսպիսով, կա ջուր։ Մարդն ունի սեռական ցանկություններ, դրա համար կան սեռական հարաբերություններ։ Եթե ես իմ մեջ գտնեմ մի ցանկություն, որն այս աշխարհում ոչինչ բավարարել չի կարող, ամենահավանական պատասխանն այն է, որ ես ստեղծվել եմ այլ աշխարհի համար[8]»։ Եթե Աստված գոյություն ունի, ապա ինչո՞ւ պետք է զարմանանք, որ ցանկանում ենք նրան։ Հինկտակարանյան գրողներից մեկն այսպես է բացատրում այդ փափագը․ «Նա դրել է հավիտենությունը մարդու սրտում[9]»։


ՀԱՎԱՏՔԸ՝ ԶԵՆՔ ԹՈՒՅԼԵՐԻ ՀԱՄԱՐ


Հաջորդ տարածված կարծիքն այն է, որ հավատքը թույլերի, անխելքների, վախկոտների համար է, իրենց հարաբերությունն Աստծո հետ պարզապես օգնում է իրենց, որպեսզի ավելի լավ զգան, քանի որ Աստծո գոյությունն իմաստ է հաղորդում իրենց կյանքին ու հեշտացնում այն։ Ինձ համար սա շատ տարօրինակ կարծրատիպ է, քանի որ ճանաչում եմ այնպիսի անհատների, որոնք այս կատեգորիայի մարդկանց թվին բացարձակապես չեն պատկանում, բայց հավատում են Հիսուսին։ Ավելին, շատերի համար Հիսուսին հետևելը ոչ միայն հեշտ չէ, այլև պահանջում է մեծ խիզախություն, համարձակություն ու դժվարացնում է կյանքն ամեն առումով։ Եթե թույլ տայինք, որ ուղեղն իր համար հաճելի աստվածներ կերտեր, դժվար թե շատերս ընտրեինք Հիսուսին հավատալու ուղին, քանի որ Հիսուսը բոլորովին էլ հեշտ կյանք չի խոստանում իրեն հավատացողներին։


Թե՛ առաջին դարի քրիստոնյաների համար, թե՛ այսօր Իրանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ալժիրում ու այլ ոչ քրիստոնեական տարածաշրջաններում օրեցօր մեծացող քրիստոնեական եկեղեցիների համար Հիսուսին հավատալը նշանակում է մերժում հասարակության ու ընտանիքի կողմից, հալածանքներ, նույնիսկ՝ մահ։ Ցավոք, քրիստոնյաների դեմ կատարվող ահաբեկչությունների մասին այսօրվա լրատվամիջոցները շատ չեն արձագանքում, սակայն որոշ լուրեր, այնուամենայնիվ, հասնում են։ Օրինակ՝ Քենիայում, Գարիսա քաղաքում կատարված ահաբեկչությունն[10] ընդդեմ 147 քրիստոնյա ուսանողների վառ ապացույցն է նրա, որ մինչ այսօր էլ մարդիկ պատրաստ են իրենց կյանքերը զոհել հանուն իրենց հավատի, ինչպես Հիսուսի աշակերտները։ Վերջին տարիների ընթացքում «The Independent» թերթը հրատարակեց մի հոդված․ «Քրիստոնյաներ․ աշխարհում ամենահալածված մարդիկ[11]»։ Ըստ այդ հոդվածի՝ Մարդու Իրավունքների Միջազգային Շրջանակի (բաղկացած աշխարհի տարբեր անկյուններից հավաքված 38 աշխարհիկ անդամներից) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում կատարվող կրոնական խտրականությունների 80%-ն ուղղված է քրիստոնյաների դեմ։ Հեռու չգնանք, միայն այն, որ Ցեղասպանության օրերին մահմեդականացված հայերը փրկվեցին սպանդից, վառ ապացուցում է այս փաստարկը։


Շատերը հավատացել են Հիսուսին՝ ոչ թե ցանկանալով, որ նա ճիշտ լինի, այլ՝ ընդհակառակը։ Առաջին դարում քրիստոնեական հավատի ամենաակնառու ներկայացուցիչն ու տարածողը՝ Պողոսը, մինչ կընդուներ, որ Հիսուսն Աստված է, քրիստոնյաների ամենամեծ վախն ու սարսափն էր, քանի որ իր սկզբնական նպատակը Հիսուսի հետևորդներին ոչնչացնելն էր[12]։ Այսօր աշխարհում բազում մարդիկ, որոնք ծնվել ու ապրում են ոչ քրիստոնեական մշակույթում, պատրաստ են ամենամեծ ռիսկի գնալ՝ հանուն Հիսուսին հետևելու։ Ընկերներիցս մեկը, որ բժշկություն էր սովորում Հայաստանում և եկել էր մի այնպիսի երկրից, որտեղ քրիստոնյա լինելը միայն ամոթ է ու դավաճանություն (տվյալ անձի կյանքի ապահովությունից ելնելով՝ անձնանուններ ու տեղանուններ չեմ նշի), բազում փնտրտուքներից ու ուսումնասիրություններից հետո հանգել էր այն եզրակացությանը, որ Հիսուսի կյանքը, խոսքերն ու գործերը, հարության ապացույցները որևէ կասկած չեն թողնում Աստծո գոյության իրական լինելու հարցում։ Նա պատրաստ էր հանուն Հիսուսի հանդեպ ունեցած հավատի՝ անցնել այն փորձությունների միջով, որոնք իրեն սպասում էին տուն վերադառնալիս։


Այն փաստը, որ քրիստոնեությունն ունի դրական կամ բացասական հետևանքներ մարդկանց կյանքերում, պատճառ չեն կարող լինել Աստծո գոյությունը հերքելու համար։ Այն, որ հավատը կարող է օգնել հարուստներին կամ աղքատներին, կրթվածներին ու չկրթվածներին, թույլերին կամ ուժեղներին, դեռևս որոշիչ պատճառ չէ Աստծո գոյությունն իրականություն կամ իլյուզիա համարելու համար։ Աստծո հանդեպ հավատը ոչ թե մեզ՝ քրիստոնյաներիս, թույլ կամ անխելք մարդիկ է դարձնում, այլ այն տրամաբանական պատասխանն է այն ամենին, ինչ Հիսուսն արել է մարդկության համար խաչի վրա։ Շատ աթեիստներ վստահ են, որ միայն հիմարներն են հավատում Աստծուն։ Սակայն սա հաստատ այդ դեպքը չէ Փիթր ու Քրիստոֆեր Հիթչենզների համար․ երկու գերկրթված ու խելացի եղբայրներ, սակայն մեկը Հիսուսի հավատարիմ հետևորդ է, իսկ մյուսը՝ հայտնի աթեիստ։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Այսպիսով, տեսնում ենք, որ հոգեբանության տեսանկյունից Աստծո գոյությունը մերժելու որևէ հիմքեր չկան։ Ամենամեծ խնդիրն այն է, որ վերը նշված ֆրոյդյան պնդումները միգուցե բացատրեն, թե ինչու են մարդիկ հավատում կամ ինչին, սակայն չեն ապացուցում Աստծո գոյության լինելն ու չլինելը։ Եթե Աստված գոյություն չունի, հոգեբանությունն ու նույնիսկ սոցիոլոգիան կարող են բավականին լավ փաստարկներ առաջ քաշել այն մասին, թե ինչու են մարդիկ դեռևս հավատում Աստծո գոյությանը։ Սակայն, եթե իրականում Աստված կա, ապա հենց այս նույն փաստարկները կարելի է շրջել ու հիմնավորել, թե ինչու մարդիկ չեն ցանկանում հավատալ Աստծո գոյությանը։ Որպեսզի հավատանք, թե որն է իրապես ճշմարիտ, պետք է հոգեբանության ոլորտից այն կողմ փնտրել փաստեր։

[1] Լյուդվիգ Ֆոյերբախ, «Քրիստոնեության էությունը», 1841


[2] Զիգմունդ Ֆրոյդ, «Մի պատրանքի ապագա», 1927


[3] Էյմի-Օրր-Ույինգ, «Արդյո՞ք Աստծուն հավատալն անտրամաբանական է», 2008


[4] Փոլ Վիթզ, «Անհայրերի հավատքը․ աթեիզմի հոգեբանություն», 1999


[5] Թոմաս Նայջլ, «Վերջին խոսքը», 1997


[6] Օլդոս Հաքսլի, «Ավարտներ ու միջոցներ», 1937


[7] Ֆեոդոր Դոստոևսկի, «Կարամազով եղբայրներ», 1983


[8] Քլայվ Լյուիս, «Սոսկ քրիստոնեություն», 1997


[9] Աստվածաշունչ, Ժողովող 3։11




[12] Մայքլ Օթս, «Բայց արդյո՞ք դա ճիշտ է», 2016

1,073 views0 comments

Comments


bottom of page