top of page
  • Writer's pictureApologia Center

«ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է» ԵՎ ԱՅԼ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐ ՀԱՐԱԲԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փոլ Քոուփեն


Հավանաբար լսած կլինեք զանազան հարաբերապաշտական պնդումներ, ինչպիսիք են․ «Դա միայն ճիշտ է քեզ համար, բայց՝ ոչ ինձ համար» կամ «Դա միայն քո իրականությունն է» կամ «Ո՞վ ես դու, որ ասես, թե ինչ-որ մեկը սխալ է»։ Քեզ կարող են համարել մեծամիտ կամ նույնիսկ վտանգավոր «ճշմարտությանը» կամ «բարոյական չափանիշներին» հավատալու համար։ Հարաբերապաշտության տեսության կրողները (հարաբերապաշտներ) նույնիսկ բարկանում են նրանց վրա, ովքեր իրենց հայացքների հետ համամիտ չեն, ինչը բավականին տարօրինակ է, եթե խորությամբ մտածում ես այդ մասին։ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդն այս երևույթը կոչում էր «հարաբերպաշտության դիկտատուրա»։


Ահա մի քանի ոչ հուսադրող տվյալներ։ Մի հարցման համաձայն Ամերիկայում դեռահասների 83%-ը պնդում է, որ բարոյական արժեհամակարգը ու ճշմարտությունը կախված են հանգամանքներից, միայն 6%-ն է կարծում, որ օբյեկտիվ բարոյական արժեքներ գոյություն ունեն, չափահասների 75%-ը (18-35տ) կարծում է, որ հարաբերական էթիկական, բարոյական արժեքների կրող է։ Իսկ ամենավատն այն է, որ այս վիճակագրությունը 10 տարվա վաղեմություն ունի։


Այս հոդվածում ես քննարկելու եմ հարաբերապաշտության հետ կապված երկու հիմնական խնդիր․այս տեսությունը ա․ ինքնաբացարկում ու հակասում է ինքն իրեն և բ․ սելեկտիվ է։ Այս հոդվածի երկրորդ մասում ես կառաջարկեմ մի քանի գործնական քայլեր, որոնք կարող եք կիրառել հարաբերապաշտության կրողների հետ զրուցելիս։


ՀԱՐԱԲԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

1. ՀԱՐԱԲԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ․ ԱՅՍ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏԸ ՃԻՇՏ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


Նախքան մեր գնահատականները կտանք հարաբերապաշտության տեսությանը, եկե՛ք միևնույն ժամանակ բացատրենք տերմինները։ Ի՞նչ նկատի ունենք «հարաբերապաշտություն» և «ճշմարտություն» ասելով։ Եվ քանի որ այս թեմայի մեջ ենք, նաև կշոշափենք երկու շատ ծամծմված ու թյուրըմբռնելի գաղափարներ՝ հանդուրժողականություն և դատապարտություն։


Ա․ Հարաբերապաշտության ու ճշմարտության սահմանումները։


Հարաբերապաշտությունն այն տեսությունն է, ըստ որի կյանքի որևէ հավատալիքը կամ փիլիսոփայությունը ճշմարիտ կարող է լինել մեկ անձի համար, բայց ոչ՝ ուրիշի։ Երբ խոսքը վերաբերում է բարոյական արժեհամակարգին, մեկ անձի կամ մշակույթի բարոյական արժեհամակարգը կարող է «ճիշտ» լինել իրենց համար, բայց ոչ պարտադիր մեկ ուրիշի համար։ Ճշմարտությունը հարաբերական է, այսինքն՝ կախված է իմ զգացմունքներից, նախընտրություններից, ժամանակաշրջանից ու մշակույթից։


Հարաբերապաշտության տեսության հակադիր կողմը բացարձակությունը կամ օբյեկտիվությունն է։ Ըստ սրա՝ ճշմարտությունը կախված չէ նրանից, թե ինչի են հավատում մարդիկ կամ պատմության ինչ ժամանակաշրջանում են ապրում։ Եթե նույնիսկ բոլորը հավատում էին, որ Երկիրը տափակ է, այն իր գնդաձև կառուցվածքը, միևնույն է, չէր փոխում։


Այս պարագայում՝ ի՞նչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը իրականության ճշգրիտ արտացոլումն է։ Եթե հավատքը, պատմությունը, գաղափարը կամ պնդումները չեն համապատասխանում իրականությանն այնպես, ինչպես վերջինս կա, ապա դրանք սխալ են՝ մոլորություն։ «Լուսինը կառուցված է պանրից» արտահայտությունը սխալ է, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։ Միայն իրականությունն է հաստատում որևէ բանի ճիշտ կամ սխալ լինելը։ Ճշմարիտ պնդումը հավատարիմ է մնում իրականությանը։


Բ. Ինչո՞ւ են հարաբերապաշտները բացարձակ ճշմարտության կրողներ (բացարձակապաշտներ)․ Չնայած հարաբերապաշտների պնդումներին՝ միջին վիճակագրական հարաբերապաշտը հավատում է, որ հետևյալ պնդումները ճշմարիտ են ոչ միայն իր, այլև բոլորիհամար․


Դու չպետք է ասես, որ ինչ-որ մեկը սխալ է։

Բոլոր տեսակետները հավասարաչափ ընդունելի են։

Դու չպետք է քո բարոյական արժեհամակարգը ստիպես ուրիշներին։

Դու պետք է լինես «հանդուրժող» ու «չդատես» ուրիշներին։

Դու պետք է բաց հայացքների տեր մարդ լինես։


Այժմ դիտարկենք հարաբերականության տեսության տիպիկ կարգախոսներից ու պնդումներից մի քանիսը ու կտեսնենք, որ դրանք հակասական են․


Ճշմարտությունը միայն տեսակետի խնդիր է։ Արդյո՞ք սա ճիշտ է («եթե դու չես համաձայնվում իմ կարծիքի հետ, դու սխալ ես»), թե սա մեկ այլ սովորական տեսակետ է։


Չկան փաստեր, կան միայն սեփական մեկնաբանություններ։ Արդյո՞ք սա միայն փաստ է, թե սա միայն քո մեկնաբանությունն է։


Կարող ես անել այն, ինչ ուզում ես, եթե դա չի վիրավորում ինչ-որ մեկին։ Ինչո՞ւ է ինչ-որ մեկին վիրավորելը սխալ։


Արդյո՞ք սա մի բարոյական չափանիշ չէ, որը ոչ ոք չպետք է խախտի։


Դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, եթե դա տեղի է ունենում երկու չափահասների համաձայնությամբ։


Այդ ինչո՞ւ է չափահասների փոխհամաձայնությունը դառնում բացարձակ օրենք։


Գ. Հարաբերականություն, հանդուրժողականություն և դատապարտություն․ Արդյո՞ք որևէ զրույցի ընթացքում քեզ մեղադրել են «անհանդուրժող» լինելու մեջ։ Կամ միգուցե ինչ-որ մեկը խայթելով հանդիմանել է․ «Ո՞վ ես դու, որ դատես մեկ ուրիշին»։ Նման դեպքերում չպետք է պատասխանել մեղադրանքին, այլ պետք է խնդրել, որ տվյալ անձը սահմանումներ տա։ Փորձի՛ր հասկանալ, թե հարաբերապաշտն ինչ նկատի ունի հանդուրժողականություն կամ դատապարտություն ասելով։ Ինչպես պարզվում է, հարաբերապաշտները կիրառում են տերմիններ, ըստ որոնց հենց իրենք չեն կարողանում ապրել։ Իրենք իրենց թույլ են տալիս խախտել իրենց իսկ սահմանած օրենքները։


Հանդուրժողականության դասական սահմանումը ենթադրում է հանդուրժել (հարմարվել այն ամենի հետ) այն, ինչը համարում ենք սխալ կամ ոչ ճշմարիտ։ Մենք չենք կարող չհանդուրժել շոկոլադը կամ պաղպաղակը։ Մենք դրանք վայելում ենք։ Այսօր, սակայն, հանդուրժողականություն ասելով հասկանում ենք «ընդունել բոլոր տեսակետները որպես ճշմարիտ կամ հավասարազոր, օրինական»։ Այսպիսով, որևէ մեկի հետ չհամաձայնելը մեծամտություն է։ Բայց՝ մի րոպե․ ինչպե՞ս կարող է մեկն ընդունել թե՛ բուդդայականությունը (որը մերժում է Աստծո գաղափարը) և թե՛ քրիստոնեությունը (որն ընդունում է Աստծո գոյությունը)։ Սա պարզ ու հասարակ հակասություն է։


Ի՞նչ կասենք «դատապարտության» մասին։ Հարաբերապաշտները սիրում են Մատթևոս 7․1 համարը մեջբերել Աստվածաշնչից․ «Մի դատե՛ք, որ չդատվե՛ք»։ Իրենք ասում են, որ դատել նշանակում է ասել, որ ինչ-որ մեկը սխալ է։ Բայց արդյո՞ք Հիսուսը սա նկատի ուներ։ Բոլորովի՛ն։ Նախևառաջ, եթե ինչ-որ մեկը քեզ մեղադրում է «դատելու» մեջ, արդյո՞ք այդ մարդը չի դատում քեզ ուրիշին դատելու համար։ Երկրորդ հերթին, Հիսուսն ինքն էր մեծապես մերժում շատերի կարծիքն ու չէր համաձայնվում իր կրոնական ընդդիմադիրների հետ (Մատթևոս 23)։ Բացի այդ, Հիսուսն ասում էր․ «Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք, այլ արդար դատաստա՛ն արեք» (Հովհ․ 7․24)։


Մատթևոս 7-րդ գլխի համատեքստից հասկանալի է, որ մարդկանց խնդիրն իրենց աչքի գերանն անտեսելն ու ուրիշների աչքի փուշը տեսնելն էր։ Բայց հավատացյալները չպետք է իրենց սեփական բարոյական ինքնագիտակցության մասին մեծ ու մյուսներին արհամարհող կարծիք ունենան («դատեն»), այլ պետք է նախևառաջ իրենց անձերը քննեն (իրենց աչքի գերանը հանեն), և հետո միայն մյուսների մեղքը մատնանշեն, ինչը պետք է արվի միայն խոնարհությամբ (Գաղ․ 6․1)։


2. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼԵԿՏԻՎ Է․ ՄԱՐԴԻԿ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱՊԱՇՏ ԵՆ ԱՍՏԾՈ, ԿՐՈՆԻ ՈՒ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՒՄ


Ա․ Հարաբերապաշտները հարաբերական մոտեցում չեն ցուցաբերում այնպիսի սովորական փաստերի նկատմամբ, որոնք չեն վտանգում իրենց անձի ինքնավարությունը։ Մարդիկ հարաբերապաշտ չեն, երբ խոսքը փողոցային նշանների, երկրի գնդաձև լինելու, Սուպեր Գավաթի հաղթողի կամ ֆոնդային շուկաների մասին է։ Մարդիկ հարաբերապաշտ չեն, օրինակ՝ դեղերի վրայի պիտակների կամ կարգադրությունների նկարագրության հարցերում (չեն ասում՝ «այդ գրվածքը ճշմարիտ է միայն դեղագործների համար և ոչ թե ինձ համար»)։ Մարդիկ չեն պնդում, որ «ոմանց համար Փարիզը կարող է լինել Ֆրանսիայում, իսկ այլոց համար՝ ոչ»։


Մարդիկ հիմնականում հարաբերապաշտ են Աստծո ու բարոյագիտության հարցերում։ Ակնհայտ է, որ Աստծո գոյությունը՝ որպես տիեզերական իշխանություն ունեցող մեկի, փոխում է խաղի կանոնները։ Նրա գոյությունը նշանակում է, որ նա իշխանություն ու իրավունք ունի մեր կյանքերում։ Եթե հարաբերապաշտի շարժառիթը սեփական անձի ինքնավարությունն է կամ «ազատությունը»՝ ճշմարտության փոխարեն, ապա Աստված ընկալվում է որպես իրենց սահմանափակող սպառնալիք։ Սակայն վատ շարժառիթները չեն հերքում հարաբերապաշտության տեսությունը։ Դրանք մեզ հիշեցնում են, որ չենթադրենք, որ հարաբերապաշտները պարզապես տարրական տրամաբանության դասերի կարիք ունեն, որպեսզի «ուղղենք» իրենց։ Ո՛չ։ Իրենք հիմնականում ուսերն են թափ տալիս ու ասում են՝ «ինչևիցե․․․» ու հեռանում։


Բ. Հարաբերապաշտները դառնում են բարոյագիտության բացարձակապաշտներ, երբ հարցն իրենց իրավունքներին ու սեփականությանն է վերաբերում։ Երբ խոսքը բարոյական արժեհամակարգի մասին է, եթե մարդիկ կարծում են, որ հաճույքի համար երեխաներին տանջելը կամ բռնաբարելը «ճիշտ է ոմանց համար, բայց ոչ՝ ուրիշների», ապա իրենք բարոյագիտության հիմքերի շուրջ շատ խորությամբ չեն խորհրդածել։ Նման մարդիկ ոչ թե ապացույցների ու վիճաբանության կարիք ունեն, այլ՝ օգնության։


Քրիստոնյա փիլիսոփա Ջ․Փ․ Մոուրլենդը գրել է իր ու Վերմոնտի համալսարանի մի ուսանողի հետ հանդիպման մասին, որը լավ լուսաբանում է մեր ասածները։ Մոուրլենդը դասախոսություն կարդալիս է լինում, երբ մի հարաբերապաշտ ուսանող, որն այդ համալսարանի ուսանողական հանրակացարանում է ապրում, ասում է․ «Այն, ինչ ճիշտ է քեզ համար, ճիշտ է քեզ համար, և այն, ինչ ճիշտ է ինձ համար, ճիշտ է ինձ համար։ Եթե ինչ-որ բան իրական է քո կյանքում, քանի որ հավատում ես դրան, շատ լավ է։ Բայց ոչ ոք չի կարող իր աշխարհայացքը ստիպել ուրիշներին, քանի որ ամեն բան հարաբերական է»։ Երբ Մոուրլենդը հեռանալիս է լինում, նա էլեկտրական մարտկոցից անջատում է այդ ուսանողի նվագարկիչն ու վերցնում է այն իր հետ։ Ուսանողը ընդդիմանում է․


- Է՜յ, այդ ի՞նչ ես անում։ Դու դրա իրավունքը չունես։


Մոուրլենդը պատասխանում է․


- Դու չես կարող ինձ ստիպել ընդունել այն համոզմունքը, որ քո նվագարկիչը գողանալը սխալ է, չէ՞։


Այնուհետ նա շարունակում է այդ ուսանողին բացատրել, որ, երբ մարդկանց հարմար է, իրենք ասում են, որ իրենց հետաքրքիր չէ սեռական բարոյականությունը կամ քննություններին խաբելը։ Սակայն իրենք միանգամից դառնում են բարոյականության բացարձակապաշտներ, երբ ինչ-որ մեկը գողանում է իրենց իրը կամ ոտնահարում է իրենց իրավունքները։ Այսինքն՝ մարդկանց հարաբերապաշտ լինելը սելեկտիվ է՝ ընտրողական։


Հետաքրքրական է այն, որ շաբաթներ անց այդ ուսանողը դառնում է Քրիստոսի հետևորդ, քանի որ սկսում է հասկանալ Աստծո և մարդկային արժեքի ու իրավունքների միջև եղած կապը՝ այն, որ Աստված մարդկանց ստեղծել է իր պատկերով։ Սիրում եմ եկեղեցիներին ասել, որ այս օրինակը կարող է նոր ավետարանչության մեթոդ լինել, որը կկոչենք՝ «Գողանալ նվագարկիչներ՝ հանուն Հիսուսի»։


Մի ձմեռային երեկո, երբ խոսում էի Օսվեգոյի (Նյու Յորք) բաց ֆորումներից մեկի ժամանակ, հարկ եղավ, որ պատասխանեի իմ հասցեին ուղղված մի երիտասարդ աղջկա մեղադրանքին՝ առ այն, որ ես «էթնոկենտրոն» եմ։ (Իհարկե, նա հավատում էր, որ բարոյապես սխալ է, երբ ինչ-որ մեկը էթնոկենտրոն է)։ Ինչո՞ւ։ Քանի որ ես հավատացած էի, որ իմ բարոյագիտական արժեհամակարգը ճշմարիտ է բոլորի համար։


Ես պատասխանեցի․ «Եթե դու քայլեիր մի մութ արահետով, որտեղ մի մարդ սպասում է քեզ, որ հարձակվի քո վրա ու բռնաբարի, սակայն այնտեղ կա մի անցորդ, որը կկամենար է քեզ օգնել ու պաշտպանել, կուզենայի՞ր, որ այդ անցորդը ստիպեր հարձակման պատրաստվող անձին ընդունել իր բարոյական արժեհամակարգը»։ Ակնհայտորեն ցնցվելով՝ աղջիկը հակադարձեց․ «Դուք աղավաղում եք իմ խոսքերը»։ Ես ասացի․ «Բոլորովի՛ն։ Իմ կարծիքով հեշտ է լինել հարաբերապաշտ, երբ մեզ չարիք չի սպառնում ու ոչինչ մեզ չի խանգարում։ Բայց երբ ինչ-որ մեկը ոտնահարում է իմ իրավունքները, երբ ինչ-որ մեկը ոտնահարում է ինձ, միայն այդ ժամանակ եմ հասկանում, որ այդ ամենը սխալ է»։


Ատլանտայի մոտ գտնվող Քեննեսոյի պետական համալսարանում մի դասախոսության թեմա ունեի՝ «Երբ ռասայական խտրականությունն ու կրոնական մոլեռանդությունը բնական են»։ Դպրոցի ամսագրի անձնակազմը չէր ցանկանում հրատարակել իմ «անհանդուրժողական» դասախոսության հայտարարությունը։ Բարեբախտաբար, մի քրիստոնյա խմբագիր համոզեց իրենց․ «Չեք կարող լինել հարաբերապաշտ ու ընդդիմանալ ռասիզմին ու մոլեռանդությանը։ Եթե դեմ եք, ուրեմն իրական հարաբերապաշտներ չեք»։


Եկե՛ք մի քանի եզրակացություններ անենք։ Առաջին հերթին, հարաբերականության տեսությունը հարմարություն ապահովող հավատալիք է․ այն որևէ տրամաբանական կամ բարոյագիտական պահանջներ չի ակնկալում մեզանից։ Ինչո՞ւ տանջվել ինտելեկտուալ կամ բարոյական արժեքների մարտահրավերների պատճառով։ Հարաբերապաշտությունը պարզապես ծույլ մտածելակերպ է։


Երկրորդ հերթին, ճշմարտությունն անխուսափելի է։ Երբ իմ աղջիկը՝ Վալերիան, ավագ դպրոցում էր սովորում, ձեռքը չի բարձացրել՝ որպես անհամաձայնություն ուսուցչի հետևյալ հարցին․ «Ձեզանից քանի՞սն են հավատում, որ «ճշմարտություն» ասվածը գոյություն չունի»։ Երբ ուսուցիչը հարցրել է Վալերիային, թե ինչու իր ձեռքը չի բարձացնում, աղջիկս պատասխանել է․ «Եթե դուք ասում եք, որ ճշմարտություն չկա, նշանակում է դուք ասում եք, որ ձեր ասածը ճշմարիտ է առ այն, որ ճշմարտություն չկա։ Հերքելով ճշմարտության իրականությունը՝ դուք հաստատում եք այն»։


Երրորդ հերթին, գիտելիքն անխուսափելի է։ Մարդիկ, որոնք ասում են․ «չես կարող իմանալ», ակնհայտորեն «գիտեն», որ չես կարող իմանալ։ Նույնիսկ սկեպտիկները, որոնք իմացական մակարդակի հարցադրումներ են անում, դեռևս գիտեն, որ իրենց միտքը պետք է հետևի տրամաբանության օրենքներին ու գիտեն, որ իրենց միտքը չի կարող համակարգված կերպով խաբել իրենց։


Չորրորդ հերթին, եթե մենք՝ մարդիկս, սահմանափակ ենք ու կողմնակալ, դեռևս չի նշանակում, որ ճշմարտությունը ճանաչել չենք կարող։ Ինչո՞ւ պետք է մտածենք, որ պետք է 100 տոկոս համոզվածությամբ ինչ-որ երևույթը ճանաչենք կամ գիտակցենք։ Եթե ոմանք պնդում են հակառակը, ապա ինչպե՞ս իրենք կարող են իմանալ կամ ցույց տալ, որ գիտելիքը պահանջում է 100 տոկոսանոց որոշակիություն։


Հինգերորդ, մենք շարունակ կանգնում ենք իրականությանը դեմ հանդիման․ ճանապարհային խցանումներ, քաղցկեղ, ՁԻԱՀ-ի տարածվածությունն Աֆրիկայում և այլն։ Մենք որևէ կերպ չենք կարող ղեկավարել այս իրականությունները։ Այս փաստերը չեն կարող ճշմարիտ լինել ոմանց համար, իսկ մյուսների համար՝ ոչ։ Եթե այդպես է, ուրեմն հարաբերապաշտությունը աշխարհի կարևորագույն խնդիրներից խույս տալու հեշտ միջոց է․ «ՁԻԱՀ-ը կամ աղտոտվածությունը միգուցե խնդիր են ոմանց համար, բայց ոչ ինձ համար»։ Ո՛չ, հարաբերապաշտությունը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ավելին՝ այն հոգեկործան ազդեցություն ունի։ Քրիստոնյա գրող Դորոթի Սայերսը այսպես է գրում հարաբերապաշտների «հանդուրժողականության» մասին․ «Աշխարհում այն կոչվում է Հանդուրժողականություն, իսկ դժոխքում՝ Հուսահատություն։ Այն հանցակից է մյուս մեղքերին ու իրենց պատիժներին։ Սա մի մեղք է, որը ոչնչի չի հավատում, ոչնչի չի կարեկցում, ոչինչ չի ցանկանում իմանալ, ոչնչի չի ուզում խառնվել, ոչինչ դուրը չի գալիս, ոչինչ չի սիրում, ոչինչ չի ատում, ոչ մի բանում իմաստ չի գտնում, ապրում է ոչնչի համար ու կենդանի է մնում, քանի որ ոչինչ չկա, որի համար արժե մեռնել»։


ԻՆՉՊԵ՞Ս ՇՓՎԵԼ ՀԱՐԱԲԵՐԱՊԱՇՏՆԵՐԻ ՀԵՏ


Ինչպե՞ս զրուցենք հարաբերապաշտների հետ։ Ինչպե՞ս իրենց օգնենք Աստծո շնորհքով, որ մեկ – երկու քայլ մոտենան Քրիստոսին ճանաչելուն։


Ա. Հարցրե՛ք, թե ինչու է հարաբերապաշտը որդեգրել այդ տեսակետը։ Ամենայն հավանականությամբ, նա կբերի օբյեկտիվ պատճառներ իր աշխարհայացքի համար։ «Զանազան մարդիկ ունեն զանազան հավատալիքներ ու աշխարհայցքներ», - մի բան, որը նա անժխտելիորեն համարում է ճշմարիտ։ Շատ հաճախ հարաբերապաշտությունը բխում է վստահելու ու նվիրվելու անկարողությունից։ Սա կարող է լավ զրույցի սկիզբ դառնալ։


Բ. Պատշաճորեն դրսևորված քրիստոնեական կյանքն ավելի հստակությամբ կխոսի հարաբերապաշտների հետ, քան մեր տրամաբանական պատասխանները։ Հարաբերապաշտները կարող են արհամարհել մեր հակադարձումները, սակայն իրենց համար դժվար կլինի հակահարված տալ սիրով ու ազնվությամբ ապրած կյանքին․ «Սրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե սիրեք միմյանց» (Հովհ․ 13․35)։ Սկսի՛ր հարաբերապաշտների հետ հարաբերություննե՛ր կառուցելով ու ազնի՛վ կյանք դրսևորելով, քանի որ դա նույնպես կմատնանշի իրենց սեփական գոյության դատարկությունն ու եսակենտրոնությունը։


Գ. Հարաբերապաշտները կարծում են, որ իրենց հավատալիքների համակարգը ազատություն է բերում, սակայն իրականում այդ կյանքը միայն գերության, ստրկության ու կախվածության կյանք է։ Հարաբերապաշտությունը մարդկանց պարզապես վերածում է մարդկության ստվերների։ Շատ անհավատներ ենթադրում են, որ Աստծո իշխանությունը կխաթարի իրենց բարեկեցությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ հակառակն է իրականում․ «Որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն» (Մատթ․ 16․25)։ Հիսուսն ասել է․ «ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի» (Հովհ․ 8․32) ու մի քանի տող ներքևում նա այդ ազատությունը կապում է իր հետ․ «Եթե Որդին ազատի ձեզ, այն ժամանակ իսկապես ազատ կլինեք» (Հովհ․ 8․36)։


Հովիվ Թիմ Քելլերը խորհուրդ է տալիս քրիստոնյաներին պարզապես «չհանդիմանել» հարաբերապաշտներին նախաամուսնական սեռական հարաբերությունների կամ ճշմարտության վերաբերյալ շիլաշփոթ տեսանկյունների համար։ Սրանք ավելի խորը խնդիրների ախտանիշներ են․«Իրենց ընկերոջ կամ ընկերուհու հետ քնելը որպես մեղք պիտակելու փոխարեն ես իրենց ասում եմ, որ իրենք մեղք են գործում, քանի որ իրենք ակնկալում ու փնտրում են, որ իրենց ռոմանտիկ սերերն իրենց տան կյանքի իմաստ, արդարացնեն իրենց արարքներն ու փրկեն իրենց, այնինչ այդ ամենը պետք է փնտրել ու ակնկալել Աստծուց։ Այս կռապաշտությունը առաջացնում է հոգեբանական անհանգստություն, կպչունություն, նախանձ ու դառնություն։ Հայտնաբերել եմ, որ երբ իրենց կյանքերը նկարագրում ես կռապաշտության տեսանկյունից, պոստմոդեռնիստական մարդիկ շատ չեն դիմադրում։ Այնուհետ Քրիստոսն ու Իր փրկությունը կարելի է ներկայացնել ոչ թե (սկզբնական փուլում) ներման համար իրենց միակ հույսի, այլ՝ ազատության միակ հույսի համար»։


Դ. Հարաբերապաշտների հետ ռացիոնա՛լ կերպով մտածեք։ Դոն Էվերթսն ու Դուգ Շաուփը ծառայում ու աշխատում են համալսարանների համար Միջբուհական Քրիստոնեական ընկերակցությունում։ Իրենց՝ «Մի ժամանակ կորած էի․ ինչ են մեզ սովորեցրել պոստմոդեռնիստ սկեպտիկներն իրենց՝ դեպի Հիսուս ճանապարհի մասին» գիրքը լի է հարաբերապաշտների ու պոստմոդեռնիստների պատմություններով, որոնք ընդունել են Քրիստոսին։ Իրենց մեծ մասի հիմնական առաջին քայլը եղել է նվիրված, սիրով լեցուն քրիստոնյաներին չվստահելուց վստահելունանցնելը։ Շատ հարաբերապաշտներ Քրիստոսին ընդունել չեն ուզում, քանի որ չեն վստահում մարդկանց՝ հատկապես քրիստոնյաներին։ Քրիստոնյաները պետք է լինեն «ապահով վայր» հարաբերապաշտների համար, որպեսզի, Աստծո շնորհքով, նրանք կարողանան դժգոհությունից անցնել հետաքրքրասիրության, ընդդիմությունից՝ նոր գաղափարների հանդեպ բաց լինելուն, աննպատակ թափառումներից կարողանան անցնել ճշմարտությունը նպատակադրված կերպով գտնելուն և, ի վերջո, Աստծո արքայություն մուտք գործելուն։


Շատ քրիստոնյաներ իրականում ապրում են հարաբերապաշտական մտածելակերպով։ Արդյո՞ք պետք է զարմանանք, որ կողքից նայողների համար մեր կյանքում որևէ գրավիչ բան չկա։ Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք հարաբերապաշտները տեսնում են փոխված կյանք, որը պահանջում է գերբնական բացատրություն։ Թե՞ տեսնում են չփոխված կյանք, որն ավելի է ամրապնդում իրենց հարաբերապաշտական աշխարհայացքը։ Որպես հավատացյալներ՝ մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ապացուցել, որ հարաբերապաշտությունը հակասում է ինքն իրեն ու սելեկտիվ բնույթ ունի, որպեսզի կարողանանք երևան հանել հարաբերապաշտության արտաքինից լավը երևացող, բայց խախուտ կաղապարը։

780 views0 comments

Comentarios


bottom of page